Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին, ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներին և արդեն իսկ ներկայացրել է առաջարկություններ:
Պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են խնդիրներ կապված կոռուպցիայի, դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ հանդիպմանն ընդգծել է, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության, անձնական աջակցության և այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև լուծումներ տան համակարգային խնդիրներին:
Պաշտպանը նաև ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին դատաիրավական փոփոխություններում և կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև կապող օղակ հանդիսանալ քաղաքացիական հասարակության և պետության արդյունավետ հաղորդակցության ապահովման հարցերում:
Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։