Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

– Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ, ժամանակի ոգով է՝ բացօթյա։

Կարծում եմ՝ այս պահին մեր առջև դրված խնդիրները կարևոր են։ Ամիսներ շարունակ Հայաստանն աշխարհի մյուս երկրների հետ միասին պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ամեն օր, հետևելով վիճակագրությանն, ուրախ եմ, որ կորն արդեն իջնում է, և հույս ունեմ, որ այն կշարունակի գնալ ներքև: Համաձայն եմ Ձեր հայտարարությունների հետ, որ ոչ մի դեպքում ոգևորվել չի կարելի, որովհետև բնակչության մի մեծ զանգված դեռևս չի հանդիպել վիրուսին, և եթե հանդիպի, արդյունքը նորից համավարակի վերադարձ է լինելու։ Որոշ երկրներում դա անվանվում է երկրորդ ալիք, գուցե մեկ այլ տեղ երրորդ ալիք լինի։ Ձեզ հետ համաձայն եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է շատ խիստ ձևով պահպանենք՝ և՛ հիգիենան, և՛ սոցիալական հեռավորությունը, և՛ կարգ ու կանոնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է․

―Մեծարգո պարոն նախագահ, շնորհակալ եմ և ուրախ հանդիպման համար: Ասեմ, որ մենք այս ընթացքում նաև հեռավար հանդիպում ենք ունեցել՝ քննարկումներ, որոնք չեն լուսաբանվել ժամանակի ոգու բերումով:

Այո կորոնավիրուսը մեծ խնդիր է մեր երկրի համար: Երբ հետահայաց նայենք ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում:

Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք:

Նաև տարածաշրջանային լարված վիճակը. ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, մեզ համար տեսանելի էր ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության զարգացումը և ինձ համար միանշանակ էր, որ հնարավոր էսկալացիան երկիրը չէր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ