Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, մեկնել է նաև ՄԻՊ-ի աշխատակազմը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, որը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերն է:
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում են՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ: Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն:
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։