«Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում», այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Արսեն Բաբայանը թիրախում հայտնվեց, երբ ակտիվացրեց իր գործունեությունը: «Օգտվելով այս իրավիճակից, նաև Հրայր Թովմասյանի անձով և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, սկսվեց քաղաքական հետապնդում և հիմա Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է` եվրախորհրդի սահմանած չափանիշներով: Այսպես շարունակվելու դեպքում մենք կունենանք քաղաքական բանտարկյալների մեծ քանակ», – ասել է Արծվիկ Մինասյանը:
Ըստ դաշնակցական գործչի՝ քաղաքական իշխանությունն իր նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, տրիվիալ մոտեցումներ է կիրառում: «Նույնիսկ տարրական իրավական ընթացակարգերն են խախտվում: Մեկին գումարած մեկը որ հավասար է երկուսի ձևակերպումն էլ է խախտվում: Իրենց համար մեկին գումարած մեկը հավասար է տասի: Իրավապահ մարմինների ու իշխանությանը ծառայող առանձին անձանց համար մեկին գումարած մեկը կարող է նաև զրո լինել և այսպես շարունակ: Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ իրավաբանությունը մղվել է մի կողմ և մարդկանց ցանկությունը ամեն գնով վրեժխնդիր լինել դարձել է իրենց համար վարքագծի կանոն: Սա հասարակությունը վերարթնացնելու ընթացք է ձևավորում: Սա ժողովրդավարության հետ կապ չունեցող, բռնապետություն հաստատելու ընթացք է», – ասել է Արծվիկ Մինասյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
Հոկտեմբերի 24–ին Արսեն Բաբայանը կալանավորվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալման որոշումը։