fbpx
Քաղաքականություն

Արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն սկզբունքը կտրուկ շրջադարձեր չկատարելն է

ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը նշում է՝ արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն սկզբունքն իրենց համար կտրուկ շրջադարձեր չկատարելն է, այս մասին տեղեկացնում է 1in.am-ը.

«Մենք դեռ հեղափոխության ժամանակ բազմիցս կրկնել ենք՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակելու ենք լինել ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, շարունակելու ենք ավանդական ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, տարածաշրջանի մյուս պետությունների հետ։ Այս ամիսները ցույց են տվել, որ մենք այս տրամաբանությունը պահել ենք։ Միևնույն ժամանակ սա պետք չէ ընկալել որպես իներտ արտաքին քաղաքականություն իրականացնելու հայտ»,- ասաց նա՝ ներկայացնելով դաշինքի ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթները։

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև Եվրամիության հետ հարաբերություններին, ասաց, որ իրենց ծրագրում ամրագրված է կետ՝ 5 տարվա ընթացքում ազատ վիզային ռեժիմ ունենալու մասին։ Մեր այն հարցին, որ նախկին իշխանությունները խոստանում էին դա անել մինչև 2020 թվականը, Ռուբինյանն ասաց, որ իրենց ծրագրում ամեն ինչ 5 տարվա համար է ամրագրված, բայց դա ամենևին չի ենթադրում, որ ավելի վաղ ժամկետում լինել չի կարող։

Ինչ վերաբերում է ՀՀԿ կարգախոսին՝ «Եթե մտահոգ ես Արցախի անվտանգությամբ, ընտրի՛ր Վիգեն Սարգսյանին», Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Եթե իրենք մտահոգ էին Արցախի անվտանգությամբ, կարող էին ընտրություն չկեղծել, տուշոնկա չգողանալ, մարդասպաններին չազատել, ոստիկանությանը չստիպել ցուցարարների հանդեպ բռնություն կիրառել, ընտրակաշառքների մեխանիզմ կարող էին չստեղծել. դեռևս հարյուր այսպիսի բան կարող եմ ներկայացնել։ Իրենք երեսպաշտությամբ են մտածում, գիտեն, որ ամբողջությամբ հեղինակազրկված են ու փորձում են հանրության սրտի թեժ կետերին կպնել՝ Արցախ, անվտանգություն, կրոն, ավանդական արժեքներ»,- եզրափակեց նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ