fbpx
Հասարակություն

Ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունն աշխատանքային այց է կատարել Չեխիա

Ս/թ դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում են գտնվել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Այս մասին հայտնել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի Facebook-ի էջը:

«Աշխատանքային այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաև վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին:

Եվրամիության աջակցության շրջանակներում Skoda ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն ակտիվ համագործակցում է դեռևս 2004 թվականից: Աշխատած միջուկային վառելիքի պահման պահեստարաններին առնչվող ծրագիրն առանցքային նշանակություն ունի մինչ օրս իրականացված մի շարք կարևորագույն ծրագրերի թվում:

Հայկական ԱԷԿ-ի ղեկավարները, նախատեսված ծրագրի համաձայն, այցելել են նաև Դուկովանի ԱԷԿ: Չեխական ատոմակայանի վերահսկվող գոտում նրանք հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու աշխատած միջուկային վառելիքի չոր պահման՝ Skoda ընկերության արտադրած կոնտեյներներին, իսկ ամենամյա պլանային վերանորոգման փուլում գտնվող թիվ 2 էներգաբլոկում ծանոթացել են վերանորոգվող սարքավորումներին, համակարգերին և իրականացվող աշխատանքներին:

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել նաև չեխական Bria s.r.o. և TacticWare s.r.o. ընկերությունների ղեկավար անձնակազմի հետ, այցելել են փորձարկադաշտ (պոլիգոն) և մասնակցել պարագծի անվտանգության ապահովման նախագծի շրջանակներում իրականացվող փորձարկումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ