fbpx
Աշխարհ

Այլ երկրներ չպետք է միջամտեն Վենեսուելայի ներքին գործերին․ Պոմպեո

Այլ երկրներ չպետք է միջամտեն Վենեսուելայի ներքին գործերին: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք չենք ցանկանում, որ որեւէ երկիր միջամտի Վենեսուելայի գործերին, մենք ցանկանում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդը ձեւավորի իր ժողովրդավարությունը, ինքն ընտրի իր ղեկավարին, լինի դա Նիկոլաս Մադուրոն կամ մեկ ուրիշը »,- ասել է Պոմպեոն:

Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է վենեսուելական ճգնաժամի հարցով երկխոսություն սկսել Մոսկվայի հետ՝ չնայած տարաձայնություններին:

«Վենեսուելայի հարցով տարաձայնություններ ունենք: Ես իմ գործընկերոջն ասացի, որ ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ երկրի ժողովուրդն ընտրի ժողովրդավարական ուղին: ԱՄՆ-ն եւ այլ երկրներ կարծում են, որ ժամանակն է, որպեսզի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռանա: Այդ ժամանակ կավարտվեն վենեսուելացիների տառապանքները: Հուսով եմ՝ Ռուսաստանը կդադարի աջակցել Մադուրոյին: Չնայած այդ տարաձայնություններին՝ մենք կշարունակենք երկխոսությունն ու որոշում կընդունենք՝ այդ երկրում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար»,- նշել է Պոմպեոն:

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից Մադուրոյի հասցեին ուղղված սպառնալիքները ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեն:

«Ժողովրդավարությունն ուժով չեն հաստատում: Պարոն Գուայդոյի եւ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների կողմից Մադուրոյի հասցեին հնչող սպառնալիքները ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեն»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Լավրովի խոսքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ