Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը 16։30 Երևան-Էջմիածին ճանապարհը կբացեն, բայց բողոքի ակցիաները կշարունակվեն։
«Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել Մանվել Գրիգորյանի կալանավորման, մեր երկրի արդարադատության համակարգի փոփոխության, նորոգման, հետագայում նմանատիպ նախադեպերը կանխելու համար»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ երեկոյան դատարանի շենքից ազատ էր արձակվել 25 միլիոն դրամի դիմաց։