Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Անտառները և կրթությունը» խորագրով աշխատաժողով։ Մասնագիտական քննարկումն անց է կացվել ՄԱԿ-ի կողմից հռչակված և ամեն տարի մարտի 21-ին նշվող Անտառների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում:
Անտառների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Անտառների դերի և նշանակության իրազեկումն ու կրթությունը»:
Աշխատաժողովին մասնակցել են Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ոլորտի մասնագետներ, պետական և բուհական հաստատությունների ներկայացուցիչներ։
Շնորհավորելով Անտառների միջազգային օրվա կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը նկատել է, որ օրվա խորհուրդը կարևոր է մեր երկրի համար։ Նախարարը հայտնել է, որ երկար տարիներ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անտառը ենթարկվել է էական ճնշումների, ինչի հետևանքով անտառային զգալի տարածքներ ենթարկվել են դեգրադացիայի։ «Եկել է ժամանակը, որպեսզի անտառին վերադարձնենք այն, ինչ նա այս տարիներին տվել է մեզ։ Բնապահպանության նախարարությունը սկսել է անտառային ոլորտի բարեփոխումների նոր հայեցակարգի լայնածավալ քննարկումներ, որոնց կներգրավվեն ակադեմիական շրջանակների, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնագետներ։ Անտառի պահպանման և վերականգնման գործընթացին պետք է ներգրավվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սփյուռքի ներուժը»,-իր խոսքում նշել է բնապահպանության նախարարը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես անտառների պահպանությունը և նշել, որ իր երկիրը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած միջոցառումներին։
Դմիտրի Մարիասինը ներկայացրել է անտառների պահպանության ոլորտում ՄԱԶԾ-ի և Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող համատեղ ծրագրերը։ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը նկատել է, որ Հայաստանի կառավարությունը տվել է հավակնոտ ծրագրի մեկնարկը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը Հայաստանի անտառապատ տարածքները հասցնել 20,1 տոկոսի և պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանանքեր տանել դրան հասնելու մեծածավալ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար։
Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը ներկայացրել է անտառային ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, անտառկառավարման ժամանակակից միջոցների ներդրման ուղղությամբ տարվող քայլերը։ Փոխնախարարը կարևորել է անտառների այլընտրանքային օգտագործման խթանումը՝ բացառելով այն միայն որպես փայտանյութի աղբյուր դիտարկելը։
Աշխատաժողովի մասնակիցներն առաջնային են համարել անտառի վրա ճնշումները թուլացնելու ծրագրերի մշակումը և գործուն միջոցների կիրառումը։ Մասնավորապես ներկայացվել է այլընտրանքային վառելիքի՝ պալետների արտադրության և օգտագործման խթանումը, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով անտառների կառավարման արդյունավետության բարձրացումը և ապօրինի անտառհատումների դեմ պայքարը։ Ոլորտի մասնագետներն առաջնային են համարել Հայաստանի անտառային տարածքների ավելացման հետևողական և արդյունավետ քայլերի իրականացումը։