1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։
Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևում նշել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։
Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության և այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում (Նամիբիա) կազմակերպված սեմինարի ժամանակ։
Մամուլի ազատության համաշխարհային օրը միջազգային հանրությանը ամեն տարի հիշեցում է այն մասին, որ մամուլի ազատությունը և մտքերի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունքներն են, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Մենք պետք է պաշտպանենք այդ իրավունքները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են և իրական ազդեցություն են թողնում աշխարհի բոլոր մարդկանց կյանքի վրա։

