Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն աշխարհին հայտնի երկու հանճարեղ արվեստագետների աշխատանքները:
Կցուցադրվի Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, խեցեղեն… բոլոր նմուշները «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են:
Ցուցահանդեսն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Իսկ Հայաստանում մշակութային այս իրողությունն առաջին անգամ հնարավոր դարձավ Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ:
Այսօր՝ մարտի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊ տնօրեն, նախագծի ղեկավար Արման Ծատուրյանը, «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինը մանրամասներ ներկայացրին սպասվող ցուցահանդեսի մասին:
«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի գլխավոր տնօրենը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպաման գործում մեծ դեր է ունեցել իր հանդիպումը վաղեմի ընկերներից մեկի հետ.
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների և ընկերության թեմաներով հարցեր, և նա ինձ առաջարկեց՝ ի՞նչ, եթե Հայաստանում ել անցկացվի «Դալի և Պիկասո» խորագիրը կրող հայտնի ցուցահանդեսը: Ինձ, իհարկե, միտքը շատ դուր եկավ և հետաքրքրվեցի, թե ինչպես կարող ենք դա կազմակերպել: Նա զանգահարեց իր ընկերոջը՝ Ալեքսանդր Շադրինին, որն ընդամենը մեկ օր անց ժամանեց Հայաստան: Բանակցություններից և ուսումնասիրություններից հետո ձմռանը որոշում կայացրինք, որ ցուցահանդեսը պետք է կայանա: Երբ Ալեքսանդրը կրկին եկավ Երևան, նա ասաց, որ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Երևանի լավագույն վայրում, իսկ լավագույնը Հայաստանի ազգային պատկերասրահն է: Այնուհետև հանդիպեցինք նաև ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանին: Մեր նախագծի արդյունքն արդեն կտեսնեք մարտի 7-ին»:
Ալեքսանդր Շադրինն էլ խոստոցվանեց, որ ի սկզբանե Հայաստանում ցուցահանդես բերելու ծրագրեր չի ունեցել.
«Իսկապես, Հայաստան այցելություն չէի նախատեսել, բայց այլ բան է, երբ ընկերներն են նման առաջարկ անում: Ես կարծում եմ, որ ցուցահանդեսը պահանջված է ոչ միայն ընդգրկված աշխատանքներով, այլև ամբողջ կոնցեպցիայով: Դալին և Պիկաոն իրենց հայրենիքի մեծ երկրպագուներն էին»:
Առավել մանրամասն՝ Style.news.am
