Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերին, երկու պետության՝ Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացի էր։
ՀՀ քաղաքացիությունն Ազնավուրը ստացել է 2008 թվականին։ Սակայն շատ քչերին է հայտնի այն, որ դրանից շատ առաջ՝ XX դարի 40-ականների կեսերին Ազնավուրն ընտանիքի հետ ստացել էր ԽՍՀՄ քաղաքացիություն։
Հայաստանի ազգային արխիվը վերջերս գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ազնավուրյանների անձնական գործերին, հայտնում է Rusarminfo-ն։
Համաձայն փաստագրված ապացույցների՝ Ֆրանսիա գաղթած ընտանիքը մտադիր էր տեղափոխվել Խորհրդային Հայաստան՝ 1946 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական էմիսարների խորհրդի կողմից ընդունված «Արտասահմանի հայերին Խորհրդային Հայաստան վերադարձնելու հարցով միջոցառումների մասին» որոշման հիման վրա։
Հայաստանի ազգային արխիվում Ազնավուրյանների անձնական գործերում պահպանվել են ԽՍՀՄ քաղաքացիություն ստանալու համար Շառլ Ազնավուրի հոր և մոր ձեռագիր դիմումների բնօրինակները։
Հայրը՝ Մամիկոն Ազնավուրյանը, ով ծնվել է Ախալցխայում, դիմում-հայտում Խորհրդային Հայաստան իր հայրենադարձման ցանկությունը հիմնավորել էր այն բանով, որ դեռևս 1932 թվականից հանդիսացել է Կոմունիստական կուսակցության անդամ, ինչպես նաև նրա երկու քույրերը բնակվել են Խորհրդային Միությունում՝ Լենինականում և Բաքվում։
Շանսոնյեն իր հայտարարությունում սահմանափակվել էր հայրենիքում հաստատվելու ցանկությամբ։
Ազնավուրյանների անձնական գործերում վկայություններ կան նաև այն մասին, թե ինչպես է նրանց ընտանիքը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Փարիզում օգություն ցուցաբերել Կարմիր բանակի զինվորներին՝ նացիստների դեմ պայքարում։
Պատմությունը սակայն լռում է, թե ինչու քաղաքացիություն ստանալուց հետո Ազնավուրյանների ընտանիքն այդպես էլ չի տեղափոխվել Խորհրդային Հայաստան։
Գրում է shantnews.am-ը։