fbpx
Առողջապահություն

Գիտնականն իր գյուտի հարցով բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Սլավիկ Ավագյանի բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո վարչապետ

Սա իմ բաց նամակ գրելու առաջին փորձն է:

Բազմիցս Դուք ասել եք, որ կառավարությունը նախաձեռնողը չէ՝ այլ նախաձեռնությունների և գաղափարների քաջալերողն ու հովանավորն է: Եվ դա շատ ոգևորիչ է: Այս ձևով Ձեզ դիմելը, պայմանավորված է բազմահազար մարդկանց առողջության հետ և շատ օգտակար կլինի խնդրի արագորեն լուծելը:

Նշեմ նաև, որ Ձեզ ներկայացրել եմ իմ CV-ն ( 19. 11. 18), որտեղ նախապես նշել եմ, որ պաշտոնի չեմ հավակնում, այլ որ ունեմ կոնկրետ գիտական ձեռքբերումներ (այս նամակի խնդրի հետ կապ չունեցող՝ ինձ շատ հոգեհարազատ բնական գիտությունների ոլորտից) և որ ուզում եմ հասնել դրանց ներդրումներին: Մինչ այսօր արձագանք չունեմ: Թեպետև ըմբռնումով եմ մոտենում դրան՝ համաձայն CV-ի մասին նախնական տեղեկատվության պայմանների:

Մեծարգո վարչապետ:

Նամակովս ուզում եմ բարձրաձայնել, հազարավոր մարդկանց «տանջող», ատամնապրոթեզների լնդերին կպչունությունը ապահովող՝ իմ գյուտի ներդրման հարցը (Հանովի ատամնապրոթեզ: Գյուտի արտոնագիր №3274A):

Դուք ճիշտ եք: Իրոք՝ ես կարող եմ դիմել առողջապահության նախարարին: Բայց ես արդեն այդ խնդրով դիմել եմ առողջապահության նախարար Ա. Թորոսյանին (05.03.19): Եվ ստացել եմ… սենսացիոն պատասխան ( գրություն 20.03.19 №ԱՍ/17/4008-19): Պարզվում է՝ ատամնաբուժությունը չի պատկանում առողջապահության նախարարության ոլորտին: Թերևս ամենազարմանալին նաև այն է, որ բժշկության բնագավառում նոր գաղափարը ԱՆ-ին բացարձակ չի հետաքրքրում: Կարծես թե նոր գաղափարների տարափ է և չեն հասցնում բոլորի հետ ծանոթանալ:

Դարձյալ Դուք ճիշտ եք: Իրոք կարող եմ և ներկայացնել հայտ՝ ԳՊԿ-ի կողմից մոտակա սպասվող որևէ հայտարարվող մրցույթի: Սակայն, ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի: Ես բազմիցս հայտեր եմ ներկայացրել ԳՊԿ -ի կողմից հայտարարված թեմատիկ, բազային և այլ մրցույթների՝ սակայն 0 արդյունք: Եվ քանի դեռ ԳՊԿ-ի նախագահն է Ս. Հարությունյանը՝ արդարացի մրցույթ չի կարող լինել: Ի դեպ՝ ԳՊԿ-ի հետ առնչվողների մոտ շոկ առաջացավ, երբ պարզվեց որ Ս. Հարությունյանը մնում է իր պաշտոնին: Եվ տարակուսանքը բնական է՝ այդ ո՞ր ձեռքբերումների համար: ԳՊԿ-ի համար կան յուրայիններ և ոչ յուրայիններ: Եվ որպեսզի սին չհնչի, միանում եմ շատերի պահանջին՝ հրապարակեք մշտապես հաղթողների անունները: Ասենք՝ ՊՎԾ-ն թող պարզի (և հրապարակի), թե վերջին 10 տարիների ընթացքում այդ ովքե՞ր են 3 և ավելի անգամներ դարձել ԳՊԿ-ի մրցույթների հաղթող: Դա կարող է տևել ամենաշատը մեկ օր: Այդ ի՞նչ գերկարևոր թեմաներ են եղել: Քանի որ հսկայական գումարներ են ծախսվել, նշել նրանց, եթե չասենք աշխարհացունց՝ այլ ,գոնե, Հայաստանացունց արդյունքները, որ ունեցել են այդ թեմաները ֆինանսավորելուց հետո (գիտական նոր ուղղություններ, սարքեր, նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ): Ես որ այդպիսի ձեռքբերումներից տեղյակ չեմ: Նման հարցումներին, ԳՊԿ-ի կողմից, սովորաբար, որպես «աննախադեպ» արդյունք՝ նշվում է տպագրված հոդվածները: Հետաքրքիր է, նրանք որպես գիտնականներ՝ էլ ինչո՞վ պետք է զբաղվեին իրենց հիմնարկներում, եթե այդ ֆինանսավորումը չլիներ: Եվ եթե միակ արդյունքը՝ տպագրված գիտական հոդվածներն են, ապա նման միջազգային չափանիշների դեպքում՝ այսօր էլ դեռևս էշով էինք տեղից-տեղ գնալու:

Ի վերջո, իմ նամակի առարկայական մասը: Իմ գյուտը հնարավորություն է տալիս պարզագույն եղանակով ապահովելու ատամնապրոթեզների՝ լնդերին կպչելու խնդիրը, որը հազարավոր մարդկանց ամենօրյա հուզող հարցն է: Հնարավոր է ազատվել նաև սարսափազդու իմպլանտներից: Իմ կարծիքով՝ ներդնումից հետո գյուտը կստանա միջազգային ճանաչում:

Մեծարգո վարչապետ:

Գյուտը ներդնելու համար հարկավոր է անցկացնել փորձարարական հետազոտություններ, ճշգրտել որոշ պարամետրեր և վերջնական տեսքի բերել գյուտի ներդրման տեխնոլոգիան: Քանի որ ստացվում է մի տեսակ փակուղային վիճակ, ուստի խնդրում եմ Ձեր միջամտությունը այդ հարցում:

0STOPPED

Հարգանքով՝ Սլավիկ Ավագյան ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ», – գրել է Ավագյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ