fbpx
Քաղաքականություն

Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է կատարել:

Նախագահը մասնավորապես գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները:

Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ուշադիր հետևելով ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին՝ ցավոք, հերթական անգամ արձանագրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից: Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը:

Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝

1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին.

2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել.

3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ.

4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք.

5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ.

6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան.

7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

Արցախի իշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրելու առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման հարցում անհրաժեշտ կամք դրսևորելու և առաջընթաց արձանագրելու համար»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/516434752387236

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ