Եվրոպական Խորհրդի
նախագահ Շառլ Միշելին
ԲԱՑՈւՄ քաղաքացիական
նախաձեռնությունից
ՈՒՂԵՐՁ
Հարգելի՛ պարոն Շառլ Միշել,
#Ակնայի (Աղդամ) ճանապարհը որպես «հումանիտար օգնության» այլընտրանքի մասին բարձրաձայնելով՝ Դուք #Ալիևին փաստորեն հնարավորություն տվեցիք, որպեսզի վերջինս ձգձգի Բերձորի միջանցքն ապաշրջափակելը: Դրան մասնակից դարձավ նաև ՀՀ Կառավարությունը՝ հստակ անհամաձայնություն չհայտնելով դրա մասին:
Բանակցող երեք կողմերով ըստ էության միաժամանակ փաստում եք, որ կա հումանիտար աղետ, բայց միևնույն ժամանակ Դուք և հայկական կողմը Ադրբեջանի կողմից ուժի անմիջական սպառնալիքի ներքո ընկրկում եք ու բանակցային դաշտում առաջացնում հիմնախնդրի էությունը խեղաթյուրող, ինքնորոշված արցախահայության կարգավիճակը նսեմացնող վտանգավոր նախադեպեր:
Պարո՛ն Միշել,
Ձեր երկրորդ հայտարարությունը (ս․թ․ սեպտեմբերի 1-ին) Աղդամի այլընտրանքային հումանիտար ճանապարհի մասին, որին զուգահեռ ադրբեջանական կողմը ագրեսիայի գնաց հայկական կողմի նկատմամբ, այն էլ #ԵՄ մոնիտորինգային առաքելության ներկայությամբ, եւ որի հետևանքով նաև զոհեր եղան, ևս փաստում է, որ Ադրբեջանի ագրեսոր ղեկավարի հետ այժմ բանակցելու փոխարեն առաջին հերթին նրան պետք է վերաբերվել որպես ահաբեկող կողմի և պատասխանատվության կանչել՝ համաձայն միջազգային և մարդասիրական իրավունքի, ինչպես նաև ԵՄ համապատասխան կանոնակարգերի։
Հետեւաբար ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնության համար խստորեն դատապարտելի և անընդունելի են՝
-որևէ մեկի կողմից #Բերձորի միջանցքին այլընտրանք ներկայացնելը, քանի որ այդ կերպ հավասարության նշան է դրվում բռնապետության «հումանիզմի» և ժողովրդվարական հումանիզմի միջև,
-Ադրբեջանի՝ հայկական կողմի հանդեպ ռազմական ագրեսիան ՀՀ-ում ԵՄ առաքելության (#EUMA) ներկայացուցիչների կողմից հրապարակավ չարձանագրելը և ԵՄ-ում չդատապարտվելը,
-ԵՄ-ի, հեղինակ լինելով մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման բազում հիմնաքարային փաստաթղթերի և դրանց հանրահռչակման, #Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունած լինելով կոնկրետ բանաձևեր, պարզորոշ տեսնելով Արցախի ինքնորոշված հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումները, ազատ կամքի հպատակեցման փորձերը, նպաստելը Ադրբեջանի բանեցրած քաղաքականությանը՝ սովամահության, ուժի գործադրման և այլ անմարդկային ձևերի կիրառմամբ «ինտեգրացիայի» կեղծ անվան տակ, որոնք մերժում են համագործակցությունը, բարիդրացիությունը, հաշտությունը և մարդասիրությունը,
-Եվրոպական խորհրդի նախագահի երկրորդ անգամ նման քայլի դիմելը՝ հիմք տալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը երկարաձգելուն։
Այսպիսով՝ շնորհակալ լինելով #ՄԻԵԴ-ին, #ԵԽԽՎ-ին, #ԵԽ-ին, ԵՄ-ին ու ՀՀ-ում ԵՄ մոնիտորինգային առաքելությանը, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը, Հայաստանի զարգացմանը, ժողովուրդների միջև բարեկամությանը, մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Բերձորի միջանցքի բացմանն ու հումանիտար բեռների փոխանցմանը Արցախի հայ ժողովրդին՝
-զգուշացնում ենք Ձեզ, որ վերոնշյալ անընդունելի ու դատապարտելի քայլերը համարժեք են Ալիևի և իր հովանավորների կողմից վարվող ցեղասպանական քաղաքականության մեղսակցությանը: Նման հայտարարությունների շարունակականությունը կգնահատվի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» #ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 5-րդ կետին հանգույն և կհամարվի Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը հանցակցություն: Սա շեշտում ենք այն պարագայում, երբ թե՛ Արդարադատության միջազգային դատարանը, թե՛ ՄԻԵԴ-ը, թե՛ ԵԽԽՎ-ն պահանջել են բացել Բերձորի միջանցքը,
-հորդորում ենք Ձեզ ադրբեջանական կողմին ստիպել իրականացնել վերոնշյալ միջազգային իրավապարտադիր պահանջները, ինչպես նաև պատասխանատվության կանչել ալիևյան կառավարությանն Արցախի հայ ժողովրդի հիմնարար բոլոր իրավունքների ոտնահարման և նրանց հանդեպ ցեղասպանություն իրականացնելու համար: Առանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտող կողմին պատասխանատվության ենթարկելու անհնար է նույնիսկ խոսել խաղաղության ինչ-որ համաձայնագրի մասին:
Հարգանքներով՝
ԲԱՑՈւՄ քաղաքացիական շարժում