Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների հետ, որոնք նա արել է երեկ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու փոխարեն՝ Հայաստանի արտգործնախարարը խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Անընդունելի է «Ղարաբաղի բնակչություն» ասելով՝ նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից վտարված ադրբեջանցի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, թե իբր Ադրբեջանը հայ բնակիչների հետ երկխոսության նախաձեռնող կողմն է, և կարևոր է փոխադարձել «Ադրբեջանի այս լավ քայլ»-ին։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է.
«Այն, որ Հայաստանը, որը երեք տարի չի կատարում Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևան տրանսպորտային երթուղիներ բացելու իր պարտավորությունը և դեռ տարբեր պատրվակներով խոչընդոտում է տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը, ցույց է տալիս, որ այս երկիրը դեռ չի հասկանում, որ քաղաքականությունը, շուրջ 30 տարվա ընթացքում ինքնամեկուսացումը ոչ մի լավ բանի չի բերել»: