Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը WCIT 2019-ին մասնակցելու նապատակով վերջերս ժամանել է Հայաստան: Նրա այցին անդրադարձել BBC հայտնի լրատավական գործակալության ռուսական ծառայությունը:
BBC-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանում խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր առանձնազրույցների, ինչպես նաև Հայաստանում կանանց ներքնազգեստի արտադրություն սկսելու պլանների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև Քիմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պատրաստակամության և «Սպիտակ տանն այդ թեմայով բանակցություններ» վարելու հայտարարությանը: Լրագրողների հետ զրույցում Քիմը նշել էր, որ թեև այդ թեմայի շուրջ անձամբ չի զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն առանձնազրույցներ է ունեցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ: Հուլիսին Քարդաշյանը հայտարարել էր, որ իր առաջնահերթությունն է համարում ցեղասպանության ճանաչումը, և որ այդ թեման քննարկում է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ թեև ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է օգտագործել այդ եզրույթը:
Հոդվածում նաև խոսվում է Քիմ Քարդաշյանի՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կատարած այցելության և այնտեղ նրա երեք կրտսեր երեխաների մկրտության մասին, որին մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը:
BBC-ն նաև անդրադարձել է WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Քիմի ելույթին՝ նշելով, որ հեռուստաաստղը ցանկություն է հայտնել Հայաստանում սկսել SKIMS ներքնազգեստի իր շարքի արտադրությունը և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծել:
