Արցախ

Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու սահմանային գյուղերի բնակիչների հետ

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ: Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման գործում:

«Կառավարությունը լայնածավալ ծրագրեր է մեկնարկել բնակարանաշինության ուղղությամբ, և առաջնագծամերձ բնակավայրերը լինելու են հատուկ ուշադրության տակ: Քննարկում ենք նաև եկամտի աղբյուրների ապահովման ծրագրեր՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրավիճակն ու դժվարությունները: Տեղյակ եք, որ արդեն մեկնարկել են նաև ճանապարհաշինության ու այլ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նպատակ ունեն ավելի բարենպաստ պայմաններ ապահովել հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման համար: Այժմ մեր ակնկալիքն է, որ բոլորը նախաձեռնող լինեն պատերազմի հետևանքների վերացման և պետության ու յուրաքանչյուր ընտանիքի հետագա զարգացման ճանապարհին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը լսել է բնակիչների առաջարկները և պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգային ու արտաքին քաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին ու տվյալ գյուղերի հիմնախնդիրներին: Նա տեղում տվել է որոշ հանձնարարականներ՝ խոստանալով ուշադրության ներքո պահել ներկայացված հիմնախնդիրների լուծման ընթացքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ