Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոն TikTok սոցիալական ցանցում հրապարակել է հինգօրյա քաշի կորստի փորձարկում, որի ընթացքում սնվել է բացառապես պիցցայով: 38-ամյա պրոդյուսերը նպատակ է ունեցել ցույց տալու, որ քաշի նվազումը հնարավոր է կալորիականության դեֆիցիտի պայմաններում՝ անկախ սննդատեսակից: Նա օրական կերել է Domino’s ցանցի մեկ մեծ բարակ պիցցա:
Ըստ նրա հրապարակած տեսանյութերի՝ փորձարկումից առաջ Բլանկոյի քաշը կազմել է 152,2 ֆունտ (մոտ 69 կգ), իսկ հինգերորդ օրվա ավարտին այն նվազել է մինչև 147,5 ֆունտ (մոտ 66,9 կգ)՝ գրանցելով 4,7 ֆունտի (մոտ 2,1 կգ) կորուստ: Հինգօրյա ընթացքում պրոդյուսերը նշել է հոգեբանական և ֆիզիկական բարդությունների մասին՝ երրորդ օրը խոստովանելով, որ հոգնել է միապաղաղ սննդակարգից:
Փորձարկման օրերից մեկի ընթացքում Բլանկոն իր հետ պիցցա է տարել Լոս Անջելեսի Sunset Tower հյուրանոցում կազմակերպված ճաշկերույթին, որտեղ ներկա է եղել նաև նրա կինը՝ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը: Մինչ Գոմեսն օգտվել է ռեստորանի ճաշացանկից, Բլանկոն շարունակել է սնվել միայն իր բերած պիցցայով:
Մասնագիտական դիտարկումներով՝ նման կարճաժամկետ սահմանափակող սննդակարգերի դեպքում քաշի արագ նվազումը հիմնականում պայմանավորված է ջրի և գլիկոգենի կորստով, այլ ոչ թե ճարպաշերտի կայուն կրճատմամբ: 2024 թվականին “Open Wide: A Cookbook for Friends” խոհարարական գիրքը հրատարակած պրոդյուսերը պատրաստվում է սեպտեմբերի 15-ին լույս ընծայել իր նոր՝ “F**k Failure” գիրքը:

