Բիլ Գեյթսը կրկին անդրադարձել է դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր նախկին հանդիպումներին՝ պնդելով, որ Էփշտեյնն օգտագործել է իր հետաքրքրությունը բարեգործության հանդեպ՝ իրեն մոտենալու համար։ The Atlantic պարբերականին տված հարցազրույցում Գեյթսը նշել է, որ Էփշտեյնը շահարկել է գլոբալ առողջապահական ծրագրերի համար հսկայական նվիրատվություններ կատարելու խոստումները։
«Նա միանշանակ կապեր ուներ միլիարդատերերի հետ։ Ինչ-որ առումով կարելի է ասել, որ նա գտավ իմ թույլ կետը», – ասել է Գեյթսը։ Նա պնդում է, որ իրենց հարաբերությունները եղել են բացառապես մասնագիտական բնույթի. «Երբեք սոցիալական բնույթի հանդիպումներ չեն եղել։ Ես երբեք չեմ եղել կղզում և երբեք չեմ ծանոթացել որևէ կնոջ հետ»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հանդիպել Էփշտեյնի հետ 2008 թվականին անչափահասի հետ մարմնավաճառության համար նրա դատապարտվելուց հետո, Գեյթսը նշել է, որ կարծել է, թե Էփշտեյնը կրել է իր պատիժը։ «Ես կարծում էի, որ նա կրել է պատիժը, ճիշտ այնպես, ինչպես նախկին դատապարտյալները, որոնց հետ հիմնադրամը աշխատում է՝ նրանց աշխատաշուկա վերադարձնելու համար», – պարզաբանել է նա։
Գեյթսը խոստովանել է, որ Էփշտեյնի հետ շփվելու որոշումը վատ դատողության հետևանք է եղել։ Նա նաև անդրադարձել է շանտաժի փորձերին՝ նշելով, որ Էփշտեյնը իմացել է իր արտամուսնական կապերի մասին և փորձել է դա օգտագործել իր դեմ։ Գեյթսը կտրականապես հերքում է որևէ առնչություն Էփշտեյնի հանցավոր գործունեությանը։

