ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում բնակարանային գողություն էր եղել։ Բաց պատուհանով մտել էին տներից մեկն ու գողացել 550 հազարից ավելի դրամ:
«Գաղտնի հափշտակության մասին հաղորդումը ոստիկանության Մարտունու բաժնում ստացվեց փետրվարի 15-ի առավոտյան: Օպերատիվ խումբը մեկնեց Արծվանիստ։ Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Մարտունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նրա այլուրեքությունը, սակայն, այսպես ասած՝ ամրագրված էր մի ուշագրավ փաստով՝ փետրվարի 14-ի երեկոյան, երբ եղել էր բնակարանային գողությունը, նա Ծակքար գյուղում հարսանեկան հանդեսի էր մասնակցում:
- Խուզարկությամբ հայտնաբերվել է երկու տեսակի թմրանյութ․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Փրկարարները հայտնվել են կրակոցների թիրախում․ Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել
Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել էր հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ ու գողություն արել: Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: