Բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար այս պահի դրությամբ խորհրդարանի աշխատակազմին դիմել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 6 պատգամավոր, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Նշված պատգամավորները ներկայացնում են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նրանք են՝ Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Սիմոնյանը, Սարիկ Մինասյանը և Էդվարդ Անդրեասյանը։
Հատկանշական է, որ վերջիններիս դրամական փոխհատուցում առայժմ չի տրամադրվել։
Նշենք, որ հարցման մեջ նաև հետաքրքրվել էինք՝ օրենքով սահմանված կարգվ որքա՞ն է կազմում տրամադրվելիք գումարի չափը։ ԱԺ գրավոր պատասխանում նշված է, որ բնակարանի վարձավճարի փոխհատուցման չափը սահմանվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի օգոստոսի 8-ի թիվ Կ-186-Ա կարգադրությամբ՝ մինչև 100 հազար դրամի չափով։
Հարցման պաասխանում նաև նշված է, որ նախորդ գումարման ԱԺ-ում բնակարանի վարձավճարի փոխհատուցում տրվել է 11 պատգամավորի։
