ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։
«Նախարար Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև պատմական ամուր կապերն ու բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Բուլղարիայի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Վերջինս նշել է, որ ՏՏ ոլորտում Բուլղարիան ունի բավականին զարգացած էկոհամակարգ, միևնույն ժամանակ բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ կա: Այդ համատեքստում մասնագետների երկկողմ փոխանակումը փոխշահավետ կարող է լինել կողմերի համար:
- ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ՔՊ-ն կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը
- Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին
Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Բուլղարիայի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության շահագործման, տիեզերական գործունեության ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:
Զրուցակիցները կարևորել են նաև 2022 թվականին նախատեսված Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Հայաստան-Բուլղարիա համատեղ նամականիշի թողարկումը: Անդրադարձել են նաև Երևանի ինժեներական քաղաքի և Բուլղարիայի գիտահետազոտական ընկերությունների միջև հնարավոր համագործակցությանը, համատեղ բիզնես և տեխնոլոգիական միջոցառումների իրականացման հնարավորություններին, կրթական-ստեղծագործական կենտրոնների և ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հաջողված փորձի փոխանակմանը, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա բազմակողմ համագործակցությունը և հույս հայտնել դրա կայունության և շարունակականության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: