ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ:
Կողմերը կարևորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, և խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրեց, որ իրենք հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգևոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարևորեց միջազգային հանրության և բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը և գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլև Անաստասովը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծեց Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում:
Զրուցակիցները փաստեցին գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծեցին երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա: