«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալն իր թիմի համար ձախողում չի լինի:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» 0-2 հաշվով պարտվել է «Աթլետիկոյին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 12-ին:
««Յուվենտուսը» գլխավորելու առաջին օրվանից Չեմպիոնների լիգայում հաղթանակը մեզ համար առաջնային նպատակ է եղել, սակայն եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե մրցաշարից դուրս մնալը «Յուվենտուսի» համար ձախողում կլինի, սխալվում են:
Չեմպիոնների լիգայի ընդհանուր մակարդակը շատ է բարձրացել: «Աթլետիկոյի» հետ խաղում մենք կանենք հնարավոր ամեն բան: Հիանալի կլինի, եթե շարունակենք պայքարը, իսկ եթե ոչ՝ կփորձենք հաջորդ մրցաշրջանում: Երբ ես նոր էի գլխավորել «Յուվենտուսը», շատերը թերահավատորեն էին վերաբերվում մեզ, բայց մենք հայտնվում էինք Եվրոպայի 16 լավագույն թիմերի ցանկում և երկու անգամ հասել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Այս մրցաշարում հաղթելը բարդ է. «Բավարիայից» դրա համար 10 տարի պահանջվեց, իսկ «Չելսին» հաղթեց այն ժամանակ, երբ արժանի չէր դրան: Ինձ համար իսկապես ծիծաղելի կլինի, եթե Չեմպիոնների լիգայից դուրս մնալը համարեն ձախողում: Տեսականորեն մենք այս մրցաշրջանում արդեն երկու տիտղոս ենք նվաճել»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:
Հաղորդում է armsport.am-ը։