Ցմահ ազատազրկում՝ զանգվածային թունավորման գործով
Չինաստանում մանկապարտեզի սեփականատերը դատապարտվել է ցմահ ազատազրկման այն բանից հետո, երբ հարյուրավոր երեխաներ ծանր կապարային թունավորում են ստացել սննդից: BBC-ի հաղորդմամբ՝ Գանսու նահանգի Տյանշույ քաղաքում գործող «Հեշի Պեյսին» մանկապարտեզը ղեկավարող Լի Հույֆանը մեղավոր է ճանաչվել թունավոր և վնասակար սնունդ արտադրելու և վաճառելու մեջ: 2025 թվականի հուլիսին բժշկական ստուգումները պարզել էին, որ հաստատության 247 սաներ և աշխատակիցներ ունեն արյան մեջ կապարի չափազանց բարձր մակարդակ:
Լանչժոուի միջանկյալ ժողովրդական դատարանը նաև որոշել է բռնագանձել Լիի անձնական ունեցվածքից 500 հազար յուան: Մանկապարտեզի գործադիր տնօրեն Չժի Ցզինլինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և տուգանվել 300 հազար յուանով: Խոհանոցի չորս աշխատակիցներ ստացել են 6-ից 8 տարվա ազատազրկման պատիժներ այն բանից հետո, երբ դատարանը հաստատված է համարել, որ նրանք գործել են ղեկավարության հանձնարարությամբ:
Անուտք ներկ՝ սննդի տեսքը լավացնելու համար
Քննիչները պարզել են, որ խոհանոցի աշխատակիցները երեխաների սննդին միտումնավոր խառնել են անուտք ներկանյութեր՝ ուտեստների տեսքը գրավիչ դարձնելու և նոր սաներ ներգրավելու նպատակով, թեպետ տարաների վրա հստակ նշված է եղել դրանց թունավոր լինելու մասին: Սննդի նմուշների լաբորատոր ստուգումները ցույց են տվել, որ կապարի պարունակությունը գերազանցել է Չինաստանի սահմանված անվտանգության նորման ավելի քան 2000 անգամ:
ABC-ի տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ 235 երեխաներ հրատապ բժշկական օգնության կարիք են ունեցել: Մասնագետները նշում են, որ կապարով թունավորումը հատկապես վնասակար է փոքր երեխաների համար և կարող է անդառնալիորեն վնասել ուղեղն ու նյարդային համակարգը:
Կոծկման փորձեր և նոր կանոնակարգեր
Միջադեպի բացահայտումից հետո պարզվել է, որ տեղական տասնյակ պաշտոնյաներ և հիվանդանոցի աշխատակիցներ փորձել են կոծկել հանցագործությունը՝ կեղծելով արյան անալիզների արդյունքները և կաշառք վերցնելով ներդրողներից: Այս սկանդալն ստիպել է Չինաստանի իշխանություններին հրապարակել կամպուսներում սննդի տրամադրման խիստ նոր ուղեցույցներ, որոնք պահանջում են ստուգել յուրաքանչյուր նոր խմբաքանակ և սնունդ գնել միայն կենտրոնացված մատակարարներից:

