Հարմարվողականություն հագեցած մրցացանկին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կտրուկ փոփոխություններ է մտցրել թիմի մարզումային և ուղեգրային գործընթացներում՝ պայմանավորված մրցաշրջանի առավել ծանրաբեռնված հատվածով, հաղորդում է Barca Universal-ը։ Հղում անելով SPORT-ի հրապարակմանը՝ նշվում է, որ կատալոնական ակումբը ստիպված է եղել հրաժարվել ավանդական մարզումային գրաֆիկից՝ անցնելով այլընտրանքային պլանի, որտեղ գլխավոր առաջնահերթությունը խաղացողների վերականգնումն է։ Անընդմեջ երեք արտագնա հանդիպումների պայմաններում մարզչական շտաբը փորձում է նվազագույնի հասցնել հոգնածությունը «Ռեալ Բետիսի» և Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ խաղերից առաջ:
Նման մոտեցման անհրաժեշտությունն առաջացել էր Ստամբուլ կատարված ուղևորությունից հետո, որտեղ կատալոնացիները 4-1 հաշվով հաղթել էին «Գալաթասարայիս»։ Թուրքիայից երկար վերադարձի պատճառով չորեքշաբթի օրը թիմը չէր անցկացրել լիարժեք մարզում՝ սահմանափակվելով միայն թեթև մարզասրահային ծանրաբեռնվածությամբ։ Հաջորդ օրը՝ հինգշաբթի, մարզումը ևս կարճ էր տևել՝ հիմնական կազմի ֆուտբոլիստների համար կենտրոնանալով ֆիզիկական վերականգնման վրա:
Ուղևորության և նախախաղային օրվա նոր կանոններ
Ֆլիկի նորամուծությունները վերաբերում են նաև լոգիստիկային։ Սևիլիա մեկնելիս թիմը ճանապարհվել է ուրբաթ օրը՝ կեսօրից հետո, ինչը թույլ է տվել խաղացողներին գիշերել տեղում և խուսափել խաղի օրը հավելյալ սթրեսից։ Ֆուտբոլիստները տեղավորվել են Eurostars Torre Sevilla հյուրանոցում, որտեղ ակումբի համար առանձնացվել է ամբողջական հարկաբաժին:
Ավանդական առավոտյան մարզման փոխարեն մարզչական շտաբը կազմակերպել է ներքին ակտիվացման վարժություններ՝ ձգումներ, կանխարգելիչ ուժային աշխատանք, ֆիզիոթերապիա և մերսում՝ կախված յուրաքանչյուր խաղացողի ֆիզիկական վիճակից։ Այս ամենից հետո թիմը ճաշել է, հանգստացել և մեկնել «Լա Կարտուխա» մարզադաշտ՝ մինչև հանդիպման սկիզբը:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության հաշվեկշիռը
Այս քայլը բխում է ամռանը «Բարսելոնայի» ֆիզիկական պատրաստվածության բաժնում իրականացված լայնածավալ բարեփոխումներից։ Ֆլիկի ագրեսիվ ճնշման մարտավարությունը պահանջում է բացառիկ ֆիզիկական կոորդինացիա և հարատևություն, իսկ կուտակված հոգնածությունը կարող է վտանգել պաշտպանությունը: Չեմպիոնների լիգայի խաղերի և Էլ Մասսիկոյի մոտենալուն պես ակումբը չի կարող իրեն թույլ տալ առանցքային խաղացողների ուժերի սպառում:

