Զինված Ուժեր

Չնայած որոշակի ջանքերին՝ հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ. Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը, նրան աջակցող ահաբեկչական խմբերը, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները՝ ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղություններով:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամաշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձոր, չնայած որոշ ջանքեր է գործադրել: Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել:

«Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանակոծություն, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումնների ուղղությամբ: Օրվա ընթացքում դուք տեսաք Ադրբեջանի վայրագությունների ապացույցները, որոնց արդյունքում կան քաղաքացիական անձանց կողմից զոհեր և վիրավորներ, հարված է հասցվել նույնիսկ ծննդատանը և այլ շինությունների: Այս կապակցությամբ մենք հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը»,- ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ հարավային ուղղությամբ մարտական գործոցությունները շարունակվել են և իրականացվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այդ աշխատանքները շարունակվում են, սրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, բայց համառ բնույթ։

Հովհաննիսյանն այս պահին չնշեց առանձին և առարկայական զարգացումերի մասին: Նա ասաց՝ հրադադարի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանն այլ կերպ է ընկալում, իսկ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ:

Ստեփանակերտի ծննդատունը հրետանակոծելու վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը երբեք խաղաղ բնակչությունից մեր անհաջողության վրեժը չի լուծելու, ինչպես անում է ադրբեջանական կողմը: «Մենք ասել ենք՝ բարի գալուստ, դժոխք: Նրանք դժոխքում են լինելու, այո, կռիվը երկար է, մենք րոպեների կամ ժամերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց մենք հաղթելու ենք, նրանք վառվելու են դժոխքում»:

Կուբաթլուիի շրջանում դիրքային առաջխաղացման մասին հարցին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ ուղղություն նշել չի կարող, որոշակի դիրքային բարելավումներ եղել են, սակայն նա մեծ ոգևորության առիթ չցանկացավ տալ, քանի որ այս իրավիճակում կարող են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ լինել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ