Վերջին շրջանում մամուլում և որոշ անձանց կողմից շրջանառվում է այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, արձագանքելով այս պնդումներին, հայտարարում է, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։
Հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք սկսվել է ՀԱՍԵ Սահմանադրության մշակման գործընթացը, որը շարունակվել է Գարեգին Ա-ի և ներկայիս Գարեգին Բ Կաթողիկոսի օրոք։ 2009 և 2014 թվականներին Մայր Աթոռում գումարված ժողովների ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և այլ կառույցների կանոնադրությունները։ Այս փաստաթղթերը գործում են Եկեղեցու շրջանակներում, և դրանց վերջնական վավերացումը նախատեսվում է ԱԵԺ-ի կողմից։
Մայր Աթոռը նաև ընդգծում է, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարվել են, քանի որ նրանց ատենապետներն ապօրինաբար ազատազրկված են։ ԱԵԺ-ի գումարումը, որը նախատեսվում էր յոթ տարին մեկ, հետաձգվել է համավարակի և արցախյան պատերազմի պատճառով։ Սակայն հույս կա, որ առաջիկայում այն տեղի կունենա՝ լուծումներ տալով Եկեղեցու առջև ծառացած խնդիրներին։

