Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հայտարարել է, որ Ավստրալիայի Բաց առաջնությունում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ տոնած հաղթանակը նման է եղել երազանքի իրականացման:
«Երազանքս իրականացավ: Ֆեդերերի հետ խաղից հետո գլուխս պայթում էր: Դա կախարդական պահ էր, որը ես երբեք չեմ մոռանա: Հաղթանակ կուռքիս նկատմամբ… Առաջին նման հաղթանակը միշտ յուրահատուկ է:
Համոզված եմ՝ մեր հաջորդ խաղն այլ ընթացք է ունենալու: Ռոջերն արդեն գիտի, թե ինչ կարելի է սպասել ինձանից, իսկ ես պատրաստ կլինեմ դրան: Ինձ դուր է գալիս խաղալ նման թենիսիստների հետ: Նման հանդիպումներից շատ բան ես սովորում՝ անկախ արդյունքից»,- Ցիցիպասի խոսքը մեջբերել է ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի Բաց առաջնությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է իսպանացի Ռաֆայել Նադալին:
Հաղորդում է armsport.am-ը։