Սկզբում մետավերսի վրա Մարկ Ցուկերբերգի արած ծախսերը ահռելի սխալ էին թվում․ դա ավելի քան 100 միլիարդ դոլար խլեց գործարարի գնահատված ունեցվածքից: Այժմ այդ ներդրումը տալիս է իր արդյունքը, քանի որ Meta Platforms-ի բաժնետոմսերի ռեկորդային բարձր գինը երկու տարուց պակաս ժամկետում գրեթե վեց անգամ ավելացրել է Ցուկերբերգի կարողությունը՝ այն հասցնելով 201 միլիարդ դոլարի:
Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, ինչի շնորհիվ նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում բարձրացել է չորրորդ տեղ։ Meta-ի հիմնադիրը ներկայումս զիջում է միայն Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Բեռնարդ Առնոյին:
Այս տարի մի շարք այլ տեխնոլոգիական հսկաների հաջողվել է զգալիորեն մեծացնել իրենց կարողությունը։ Օրինակ՝ Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը կրկնապատկել է իր կարողությունը՝ այն հասցնելով 106,2 միլիարդ դոլարի: Այնուամենայնիվ, ո՛չ Հուանգը, ո՛չ էլ որևէ մեկը չի հասել նույն հաջողությանը, ինչ Ցուկերբերգը: Հունվարի 1-ից ի վեր նրա կարողությունն աճել է 73,4 միլիարդ դոլարով՝ Meta-ում ունեցած 13 տոկոս բաժնեմասի շնորհիվ: Անցած շաբաթվա կեսերին սոցցանցային հսկայի արժեթղթերի գինը հասել է պատմական առավելագույնի, իսկ ընդհանուր առմամբ դրանք մեկ տարվա ընթացքում թանկացել են 60%-ով։
Իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ 2022-ին Facebook-ը վերանվանեց Meta և մեծ ներդրումներ կատարեց մետավերսի ստեղծման համար․ ընկերության բաժնետոմսերի գինը նվազեց, իսկ Ցուկերբերգի կարողությունը կտրուկ անկում ապրեց: Meta-ն այն ժամանակ փորձում էր իր տեղը գտնել կարճ տեսանյութերի հատվածում՝ մրցակցելով TikTok-ի հետ։ Այժմ վերլուծաբաններն ասում են, որ Facebook-ից հեռանալը դեպի Meta վերջապես իրականություն է դառնում, քանի որ ընկերությունը խաղադրույք է կատարում ընդլայնված իրականության իր Orion ակնոցի վրա:
«Վերջին հինգ տարիների ընթացքում Meta-ի ապարատային բարելավումների և արհեստական բանականության առաջընթացի համակցությամբ՝ Orion-ը ներկայացնում է Meta-ի էվոլյուցիան ընկերությունից, որն զբաղվում է սոցցանցերով դեպի մետավերս ընկերություն»,- ասում են JMP Securities-ի վերլուծաբանները:
Meta-ն 2022-ից աշխատանքից ազատել է տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ 25%-ով կրճատելով իր համաշխարհային աշխատուժը։ Բացի դրանից՝ ձեռնարկվել են քայլեր՝ բարելավելու ընկերության բաժնետոմսերը, ներառյալ 50 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի հետգնման ծրագիրը և Meta-ի առաջին եռամսյակային շահաբաժինը: Նաև Meta-ն նպատակ ունի դառնալ արհեստական բանականության ոլորտում առաջատարներից մեկը՝ մեծ ծախսեր կատարելով նոր տվյալների կենտրոնների վրա և ավելացնելով հաշվողական հզորությունը։