«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է հունվարի 14-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:
Իոաննիսյանը պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել և ներողություն խնդրել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հայցի առարկան դեկտեմբերի 15-ին Յահյանի կողմից կատարված ֆեյսբուքյան գրառումն է, որտեղ իր մասին վիրավորանք է եղել:
Նա նշեց, որ Յահյանից պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել:
Իոաննիսյանը ընդգծեց՝ այսուհետ պատրաստվում է վիրավորանքների համար դատական հայցեր ներկայացնել՝ դրանով նպաստելով նաև, որ ատելության խոսքը պակասի սոցցանցերում:
Նշենք, որ այդ գրառման մեջ Յահյանը Իոաննիսյանի լուսանկարին կից գրել էր՝ «տականք, բարոյազուրկ» և այլն:
Աղբյուրը՝ Armtimes.com