ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Նոյեմբերի 12-ից ավագ դպրոցի 60 աշակերտ անվճար հիմունքներով մասնակցում է ոլորտի լավագույն մասնագետների սեմինար-դասախոսություններին՝ միտված դպրոց-թատրոն կապը ամրապնդելուն։
Ծրագիրը նպատակ ունի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել Մայր թատրոնին և, առհասարակ, «թատրոն» երևույթին՝ ծանոթացնելով նրանց անգամ տնտեսվարման հմտություններին: Ծրագրի ընթացքում աշակերտները լսելու են ավելի քան տասը դասախոսություն՝ ոլորտի անվանի մասնագետների ներկայացմամբ, այնուհետև՝ հնարավորություն են ունենալու ստացած գիտելիքը կիրառել գործնական պարապմունքների ընթացքում:
ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը, թատերագետներ Անուշ Ասլիբեկյանը և Սառա Նալբանդյանը հանդես են եկել «Թատրոնի պատմություն» թեմայով դասախոսությամբ՝ աշակերտներին ներկայացնելով թատերարվեստը սկզբնավորման օրվանից մինչև մեր օրեր:
ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը և Դավիթ Հակոբյանը ներկայացրել են «Դերասանական արվեստ» թեմայով վարպետության դաս:
«Աշխարհի ամենաբարդ, ամենագեղեցիկ և ամենաանտանելի մասնագիտությունն է դերասանի գործը։ Այս մասնագիտության շնորհիվ կարող եք ճամփորդել ժամանակի և տարածության մեջ՝ միաժամանակ լինելով և՛ թագուհի, և՛ անհույս աղջիկ, և՛ սիրահար տղա»,- իր խոսքում ասել է Նելլի Խերանյանը։
Աշակերտներին տեղեկացնելով, որ դերասանի մասնագիտության կարևորագույն բաղկացուցիչներն են ուշադրությունը, կենտրոնացումը և կամքը, դերասանները նրանց մասնակցությամբ անցկացրել են վարպետության դասեր, ցույց տվել դերասանական հնարքներ՝ ամրապնդելու այդ երեք կարևորագույն բաղադրիչները:
Աշակերտները նաև հնարավորություն են ունեցել բանախոսներին հղել իրենց հուզող հարցերը թատրոնի, թատերարվեստի, դերասանական խաղի վերաբերյալ:
«Խաղացած դերը կարո՞ղ է ազդեցություն թողնել դերասանի վրա որպես մարդ, այլ կերպ ասած՝ հնարավո՞ր է դերասանը մնա դերի ազդեցության տակ»,- հետաքրքրվել է աշակերտներից մեկը։ Ի պատասախան՝ Նելլի Խերանյանը հայտնել է, որ եթե դերասանը պրոֆեսիոնալ է, երբևէ չի մնա դերի ազդեցության տակ. «Սա պարզապես աշխատանք է։ Ես ստեղծում եմ մարդկային ոգու կյանք։ Ինձ տալիս են կերպարը, և ես նրան տալիս եմ շունչ, դարձնում եմ միս ու արյուն»:
Երկօրյա դասախոսություններից հետո աշակերտներն արդեն տպավորված են ու ոգևորված ծրագրին իրենց մասնակցությամբ:
«Չորս-հինգ տարեկանից հաճախել եմ թատերական խմբակ: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին, որի ընթացքում նոր գիտելիքներ եմ ձեռք բերել թատրոնի վերաբերյալ: Ես այժմ հստակ որոշել եմ, որ դառնալու եմ ռեժիսոր»,- ասում է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի աշակերտ Արայիկ Գևորգյանը:
Աշակերտները համոզված են, որ ծրագիրն օգնում է ամրապնդել ունեցած գիտելիքները և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Իսկ նրանք, ում համար թատրոնը բացահայտում էր, հույս ունեն, որ ծրագիրը կշարունակվի ու կընդլայնի սահմանները, և դրան կմասնակցեն նաև մարզերի աշակերտները:
Սեմինար-դասախոսությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 16-ը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։