Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն անուղղակիորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կլիմային վերաբերող հարցերում անգործության և 16-ամյա բնապահպանական ակտիվիստ Գրետա Տունբերգին Twitter-ում ծաղրելու համար: Այս մասին գրում է Hollywood Reporter-ը:
Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում շաբաթ երեկոյան ավելի քան 60 000 մարդ է հավաքվել՝ մասնակցելու Global Citizen 2019 փառատոնին: Փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել Ադամ Լամբերտն ու հռչակավոր Queen խումբը, Ֆարել Ուիլյամսն ու այլ հայտնի կատարողներ: Փառատոնին իրենց ելույթներով հանդես են եկել նաև մի շարք աստղեր և ակտիվիստներ, որոնց թվում է եղել նաև հոլիվուդյան դերասան Դի Կապրիոն:
«Անցյալ շաբաթ մարդիկ արեցին իրենց քայլը: Նրանք ճշմարիտ առաջնորդների գերազանց օրինակներ են, որոնց կարիքը մեր մոլորակը չափազանց շատ ունի: Այդ երիտասարդները հստակ, բացահայտ և առանց վախի հայտարարել են, որ անգործության ժամանակն այլևս ավարտված է»,- խոսելով անցած շաբաթ աշխարհի տարբեր ծայրերում երիտասարդների կողմից ձեռնարկված և իրականացված կլիմայական փոփոխությունների դեմ ցույցերի մասին՝ ասել է դերասանը:
Նա նաև անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում տարբեր երկրների ղեկավարների առաջ ելույթ ունեցած 16-ամյա Գրետա Տունբերգին:
«Շատերն այս շարժումը մեկնաբանել են թվիթերյան վիրավորական գրառումներով. այդ մարդիկ գործում են ավելի շատ իրենց անձնական շահերից ելնելով, քան մեր ապագայի համար»,-ասել է դերասանը:
Նշվում է, որ դերասանը հայտարարել է նաև, որ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ի քաղաքական առաջնորդները չեն կատարել իրենց խոստումները:
Նրա կարծիքով՝ նրանք կա՛մ չեն կարողանում կանգնեցնել կլիմայի վտանգավոր միտումները, կա՛մ, որոշ դեպքերում, ժխտում են կլիմայական աղետի վերաբերյալ գիտությունը:
«Մեր ապագան անտեսված է»,-եզրափակել է Դի Կապրիոն: