Զինված Ուժեր

Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնում են, իսկ հաջորդ օրը անհասկանալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասաց Թադևոսյանը:

Հարցին` թե արդյոք որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պատսպարված քաղաքացիներ և զինծառայողներ, Թադևոսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում մեկ դեպք եղել է Շուշիի հատվածներում, սակայն դրանից հետո նման դեպքեր չեն արձանագրվել:

ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Նրա խոսքով` գերիների փոխանակման մասով նույնպես բանակցություններ ընթանում են ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են ռուս բարձրաստիճան սպաները, բայց դեռ որևէ արդյունք չկա:

Անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը նշել է, որ նոյեմբերի 13-ից ԿԽՄԿ որպես հումանիտար կազմակերպություն և չեզոք միջնորդ մասնակցել է դիակների դուրսբերման և վերադարձման գործընթացին:

«Մենք օգնում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել այդ գործընթացը: Գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցում ենք բանակցություններին, ամեն օր, երբ տեղի են ունենում այդ գործընթացները, մասնակցում ենք որպես միջնորդ: Մեր բոլոր բանակցությունները կողմերի հետ նման հարցերի շուրջ կրում են գաղտնի բնույթ և հիմա ասել, թե ինչի շուրջ ենք բանակցում, չենք կարող»,- ասել է Մուսայելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ