2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում:
Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում.
Երևան՝ 4 – Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 և Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է, պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Գեղարքունիք՝ 5 – Սևանի տարածաշրջանի Գագարին գյուղի, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի, Վարդենիսի տարածաշրջանի Կախակն համայնքի, Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղի թիվ 1 և Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:
Արարատ՝ 7 – Նոյակերտ, Բարձրաշեն, Այգեստան գյուղերի, Արարատ գյուղի թիվ 3 և Արարատ գյուղի Վ․Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցների, Ոսկետափ համայնքի և Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում պայմանագրով նախատեսված փափուկ մսի փոխարեն մատակարավել է ոսկրոտ միս (Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց), պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն մատակարավել է 18 տոկոսանոց թթվասերային բուսասերուցքային արտադրանք, խտացրած կաթը պարունակել է բուսական յուղ, տեղական արտադրության յոգուրտի փոխարեն մատակարվել է ռուսական արտադրության յոգուրտ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Արմավիր՝ 4 – Լուկաշին և Տանձուտ գյուղերի միջնակարգ, Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 և Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:
Տավուշ՝ 2 – Նոյեմբերյանի թիվ 2 և Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի և սննդամթերքի մակնշման խախտումներ:
Վայոց Ձոր՝ 1 – Արենի գյուղի միջնակարգ դպրոցում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, դպրոցի խոհանոցն ունի վերանորոգման կարիք:
Կոտայք՝ 2 – Գեղաշեն և Արգել գյուղերի միջնակարգ դպրոցներում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, խոհանոցներն ունեն վերանորոգման կարիք:
Շիրակ՝ 3 – Գուսանագյուղ, Քարաբերդ գյուղերի և Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եղել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, Մարալիկի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է նաև մակնշման շեղումներով սննդամթերք, ինչպես նաև 90 հատ ժամկետանց ձու:
Արագածոտն՝ 4 – Եղիպատրուշ, Նիգավան գյուղերի միջնակարգ, Դդմասար գյուղի հիմնական դպրոցներում մատակարարվում են միայն բուլկիներ և բնական հյութ, իսկ խոհանոցների սանիտարահիգիենիկ անբավարար պայմանները թույլ չեն տալիս գործարկել դրանք: Օշական գյուղի հիմնական դպրոցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, հայտնաբերվել է նաև անհայտ ծագման պանիր և պիտանիության ժամկետի բացակայությամբ աղ, որոնք տեղում ոչնչացվել են:
Սյունիք՝ 5 – Օխտար, Ծավ, Վաղատին, Դարաբաս գյուղերի միջնակարգ և Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցների խոհանոցների գործունեությունը և հանրային սննդի կազմակերպումը դադարեցված է, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Լոռու մարզում վերահսկողությունն ընթացքի մեջ է:
Բոլոր դպրոցներում տրվել են մակնշման թերություններով արտադրանքի իրացումը, որոշ դեպքերում՝ խոհանոցների և բուֆետների գործունեությունը կասեցնելու, հիմնանորոգման կամ վերանորոգման կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ, իսկ հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ պետական վերահսկողություն է իրականացվել նաև Արտաշատ քաղաքի բոլոր 6 դպրոցներում, որտեղ նույնպես հայտնաբերվել էին թե սանիտարահիգիենիկ նորմերի, թե մակնաշման խախտումներ, թե չթույլատրված սննդամթերքի իրացում: Թիվ 2 դպրոցում հայտնաբերվել էր նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական, որի կապակցությամբ հաղորդում էր տրվել ՀՀ դատախազություն:
Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
Հորդորում ենք նաև հանրակրթական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներին ուշադիր լինել դպրոցների ու մանկապարտեզների ճաշարաններում մատուցվող կամ բուֆետներում վաճառվող սննդամթերքի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ և թերություններ նկատելու դեպքում զանգել ՍԱՏՄ թեժ գծին (010) 20-60-40 հեռախոսահամարով:
Գրում է ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքը։