fbpx
Կառավարություն

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպմանը մասնակցել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Նատիա Նացվլիշվիլիին՝ նախարարը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ այդ համատեղ գործունեությունը կլինի շարունակական, քանի որ հենված է հաջողված փորձի վրա և կարձանագրի շոշափելի արդյունքներ:

Նատիա Նացվլիշվիլիին իր հերթին փաստել է այն արդյունավետ համագործակցությունը, որ վերջին տարիներին ձևավորվել է ՀՀ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև: Նա նշել է, որ մարդկային կապիտալի ամրապնդումն ընկած է ցանկացած զարգացման և ՀՀ-ի հետ Կայուն զարգացման նպատակների շուրջ համագործակցության հենքում: Նա կարևորել է այդ համագործակցության շրջանակում ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք ևս միտված են մարդկային կապիտալի զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ: Նա ընդգծել է ՌԴ ֆինանսական աջակցությամբ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար», ինչպես նաև ՄԱԶԿ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հետ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում փոխնախարարն ուրախությամբ նշել է, որ Edu2Work հարթակը 2022 թ.-ից միջին մասնագիտական կրթության հատվածում կընդգրկի աշխատաշուկայի ինքնաշխատ վերլուծությունը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում», ինչպես նաև ՄԱԶԾ-ի առաջարկած վերակառուցվող/վերանորոգվող հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ներդրման աջակցության ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Քովիդ-19-ի պայմաններում ցուցաբերած աջակցության համար՝ թե՛ հեռավար ուսուցման կարողությունների զարգացման, թե՛ տեխնիկական միջոցների համալրման առումով: Փոխնախարարը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի աջակցությունը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական կրթության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի ներկա ու կանխատեսելիք կարիքների գնահատմանը, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական տեղերի որոշման մեջ աշխատաշուկայի կարիքների կարևորմանը, ՄԿՈԻ ոլորտում մասնագիտությունների ցանկի վերանայմանը և ըստ մարզերի դրանց թիրախային տեղաբաշխմանն առնչվող հարցերի: Քննարկվել են նաև դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ