fbpx
Կրթություն

Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան:

Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։

Վահրամ Դումանյանն այդ համատեքստում ընդգծել է մեծահռչակ կոմպոզիտորի՝ համաշխարհային և, մասնավորապես, հայկական երաժշտարվեստում ունեցած անգնահատելի ներդրմանը ծանոթանալու և այն ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ոչ միայն Թանգարանների միջազգային օրը, այլև մշտապես պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել նրանց ժառանգությունը և այն լավագույնս փոխանցել սերունդներին, որն էլ հենց թանգարանների առաքելությունն է:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ հատկապես կրտսեր սերնդին առավել գրավիչ ներկայանալու համար մշակութային հաստատությունում օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ. թանգարանի այցելուները, բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կարող են մասնակցել «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին՝ փորձարկելով իրենց դիրիժորական ունակությունները, իսկ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» կրթական ծրագրի միջոցով ճամփորդել այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները:

Մարինե Օթարյանը և Վահրամ Դումանյանը քննարկել են նաև Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված ծրագրերը, որոնք, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ, համատեղ ջանքերի շնորհիվ կիրականացվեն լավագույնս:

Նշենք, որ միջազգային հանրությունը մայիսի 18-ը՝ որպես Թանգարանների միջազգային օր, նշում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրն իրականացվում են «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ