fbpx
Իրավական

58-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քրոջ սպանության կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ պետը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ծառայություն կատարելու ժամանակ՝ ժամը 18:06-ին, Մովսես Խորենացու փողոցում նկատել են մի քաղաքացու, ում ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Երբ պարզաբանումներ կատարելու համար մոտեցել են նշված քաղաքացուն, պարզվել է, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերոնշյալ քաղաքացու ինքնությունը, որը Տավուշի մարզի բնակիչ է՝ ծնված 1962թ.։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը գլխատել է քրոջը՝ Երևան քաղաքի 67-ամյա բնակչուհուն՝ վերջինիս տանը:

Դեպքի վայրի զննությամբ նշված տանը հայտնաբերվել է 67-ամյա կնոջ գլխատված դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով:


Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ