fbpx
ՏՏ

Էլեկտրոնային առևտուր | EasyPay

Առաջինը՝ կցանկանայի՝ ներկայանաք և պատմեք EasyPay գաղափարի մասին. Ե՞րբ և ինչպե՞ս է հղացել միտքը, ո՞րն է ձեր առաքելությունը և ինչքանո՞վ եք բաց ու հրապարակային գործում։

Բարև Ձեզ, Ես Սուրեն Ոսկանյանն եմ։ ԻզիՓեյ-ի հիմնադրման առաջին օրվանից զբաղվում եմ  կազմակերպության բիզնեսի զարգացմամբ և ռազմավարությամբ։ ԻզիՓեյը հիմնադրվել և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր է ստացել է 2014թ․-ին։

ԻզիՓեյն իր ստեղծման առաջին օրվանից Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից վճարային տեխնոլոգիաների և նորարար լուծումների միջոցով նպատակ է դրել զբաղեցնել առաջատար դիրք և իր հաճախորդների համար ստեղծել հարմար և ժամանակակից գործիքներ առօրյա վճարումների և փոխանցումների իրականացման համար։  

Ժամանակակից աշխարհում վճարային տեխնոլոգիաները ժամ առ ժամ փոփոխվում և տրանսֆորմացվում են և մեր կազմակերպության պրոֆեսիոնալ թիմը, ձեռքն անընդհատ այդ զարկերակի վրա պահելով, շարունակ արդիականացնում է կազմակերպության արդեն իսկ գործող ենթակառուցվածքն ու ծառայությունների տեսակները։

Կազմակերպության գործունեությունը կրում է բացարձակ հրապարակային բնույթ։ Մեր վեբ կայքում լիարժեք նկարագրված են ինչպես մատուցվող ծառայությունների տեսակներն ու պրոդուկտները, այնպես էլ բոլոր հրապարակային հաշվետվություններն ու տարեկան աուդիտի արդյունքները։ ԻզիՓեյն ունի նաև իր ֆեյսբուքյան էջը, որտեղ մեր հաճախորդներն ազատ կարողանում են հայտնել իրենց կարծիքը մեր աշխատանքի վերաբերյալ և գնահատել մեր կողմից իրենց մատուցված ծառայությունների որակը։

Որպես առաջնահերթություն դասելով մեր հաճախորդների գնահատականները, առաջարկությունները և բողոքները՝ մենք անընդհատ վերանայում և օպտիմիզացնում ենք մեր կառավարման համակարգն ու մատուցվող ծառայությունները։

Ովքե՞ր են Ձեր օգտատերերը և հիմնական մրցակիցները հայկական շուկայում։

Մեր օգտատերը գործնականորեն կարող է լինել ցանկացած անձ։ Սա ունի իր տրամաբանությունը։ Ինչպես ասացի, ԻզիՓեյն անընդհատ ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին ու դրանց մատուցման եղանակները։ Այսօր մենք մեր հաճախորդներին ծառայություններ ենք մատուցում հիմնական երեք խողովակներով։ Դրանք են՝

  • 1500-ից ավել վճարային տերմինալները, որոնք տեղակայված են ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում,
  • Երևանում և մարզերում գտնվող մեր՝ թվով 22 մասնաճյուղերը
  • և EasyWallet Էլեկտրոնային դրամապանակը։

Ծառայությունների մատուցման յուրաքանչյուր այս սեգմենտն ունի իր ուրույն հաճախորդը։

Այլ հավասար պայմաններում մեր մրցակիցներն են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր վճարահաշվարկային կազմակերպություններն ու առևտրային բանկերը։ Սակայն ես կցանկանայի հատուկ կանգ առնել մրցակցության, մրցակիցների հետ հարաբերությունների ձևավորման և գործարար հարաբերությունների ինստիտուտի վրա։

Մեր գործունեության ողջ ընթացքում մրցակությունն ու մրցակիցների առկայությունը խթան է հանդիսացել առաջանցիկ զարգացման և անընդհատ բարեփոխման համար։ Մենք չափազանց կարևորում ենք նաև մրցակիցների հետ գործարար հարաբերությունների ձևավորումն ու մրցակցային առավելությունների հիման վրա համագործակցության մոդելների գործնական կիրառումը։

Ո՞ր ծառայություններն են ավելի շատ օգտագործվում օգտատերերի կողմից և ի՞նչ հավելյալ ծառայություններ եք մատուցում օգտատերերին, որ չունեն Ձեր մրցակիցները։

ԻզիՓեյն այսօր իր գործիքակազմում ունի առավել քան 300 վճարատեսակ, որոնց թվում են՝

  • Կոմունալ ծառայությունները
  • Բջջային կապի դիմաց ընդունվող վճարումները
  • Ինտերնետ ծառայությունների դիմաց վճարումները
  • Պետական տարատեսակ վճարումները
  • Բուքմեյքերական ծառայությունների դիմաց վճարումները
  • Բարեգործական նպատակներով ընդունվող վճարումները
  • Բանկային տարատեսակ վճարումները
  • և այլն

Ի թիվս դասական ծառայությունների, ինչպիսիք են օրինակ կոմունալ վճարումներն ու բջջային հեռախոսակապի դիմաց վճարումները, վերջերս բավականին մեծ պահանջարկ են ստացել բանկային վճարումներն ու վարկերի մարումները մեր համակարգի միջոցով։ Հաճախորդները, գերադասելով խուսափել հերթերից, նախընտրում են իրենց բանկային հաշիվները և քարտերը համալրել մեր ցանցի միջոցով։ Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ տարածքում գործող գրեթե բոլոր վարկային կազմակերպությունների հետ։

Բնականաբար ունենք նաև ուրույն ծառայություններ․ օրինակ միջազգային Payoneer և Skrill համակարգերով ստացված գումարների ելքագրումը EasyWallet դրամապանակի միջոցով։

Կարո՞ղ եք ասել, թե ինչքան է Ձեր տարեկան շրջանառությունը, և քանի՞ օգտատեր ունի Easy Pay-ը, եթե իհարկե հրապարակման ենթակա թվեր են։

Մեր գործունեության բոլոր տարիների ֆինանսական հաշվետվությունները ներկայացված են մեր վեբ կայքում և հրապարակային են։ Ես իհարկե կարող եմ ցիտել որոշ թվեր 2018թ․ ֆինանսական հաշվետվություններից, սակայն դրանք արդեն անցյալում են։ Մենք յուրաքանչյուր օր աճում ենք։ Այսօր մենք ամսկան մշակում ենք մոտ 4 մլն․ հատ վճարում՝ այսինքն, տեսականորեն, կարելի է ասել, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամիսը մոտ 2 անգամ օգտվում է մեր ծառայություններից։  

Եվ վերջինը. ինչպե՞ս կգնահատեք էլեկտրոնային առևտրի զարգացման տեմպերը Հայաստանում և ե՞րբ սպասենք նոր առաջարկների։

Ինչպես նշեցի, ժամանակակից աշխարհում վճարային տեխնոլոգիաները ժամ առ ժամ փոփոխվում և տրանսֆորմացվում են։ Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնում այս գործընթացներից։

Այստեղ ես կցանկանայի առանձնահատուկ շեշտել հենց վճարահաշվարկային կազմակերպությունների կարևորագույն դերն ու նշանակությունը։ Մեր հիմնական բիզնեսը վճարումներ ընդունելն է։ Սա ամրագրված է նաև ՀՀ կենտրոնական Բանկի կողմից մեզ տրված արտոնագրով։ Սա է պատճառը, որ մենք ուղղակի պարտավոր ենք լինել ժամանակակից և լոկոմոտիվ հանդիսանալ ընդհանուր ոլորտի զարգացման համար։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներն անընդհատ ականատես են լինելու, թե ինչպես է տրանսֆորմացվում իրենց ֆինանսական գործելաոճը՝  դառնալով ավելի հարմար և անմիջական։

Հարցազրույցը պատրաստեց Azat TV

Մեդիանախաձեռնության համահիմնադիր

Նարեկ Այվազյանը

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ