Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:
«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ շարունակելով աջակցել առողջապահական համակարգերի կարողությունների ամրապնդմանը։ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակներին համարժեք արձագանք ապահովելը և մարդկանց կյանքը փրկելը կենսապես կարևոր է։ Միասին՝ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի արագ կհաղթահարենք համավարակը», նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում առաջնային նշանակություն ունեն արհեստական շնչառության սարքերը, որոնք օգնում են շնչել՝ օրգանիզմին մատակարարելով թթվածին և կարգավորելով օդի քանակությունը շնչուղիներում և թոքերում, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը։