fbpx
Հասարակություն

Մայրաքաղաքում տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ․ Ավինյան

Մի քանի օրից Երևանում կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով կազդարարվի ամանորյա տոնական ծրագրի սկիզբը:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Միջոցառումները կընդգրկեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և Երևան քաղաքի 2750 ամյակին նվիրված պուրակում:

Փոխքաղաքապետի խոսքով՝ տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ քաղաքի բոլոր վարչական շրջաններում, և բոլորը տպավորված են լինելու. «Նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլոր բոլորին, բոլոր վարչական շրջաններ»:

Երևանը դեկտեմբեր ամսին մարդաշատ է լինելու, ինչը պայմանավորված է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը հյուրընկալելու հետ: Ավինյանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքի բոլոր լույսերն ու զարդարանքները կմիացվեն Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ:

«Կմիացվեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում, Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայում, Հաղթանակ և Կիևյան կամուրջների վրա և նաև համալիրում տեղակայված լուսավորության համակարգերը»,- հայտնեց նա:

Ավինյանը նաև անդրադարձավ վերջերս հասարակության լայն զանգվածի մտահոգության առարկա դարձած ու դժգոհություններ առաջացրած այն հարցին, որ տոնական զարդարանքները պատերին փակցնելու արդյունքում վնասվել են պատմամշակութային արժեքները:

«Զարդարման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, և մեր համաքաղաքացիների անհանգստությունը փարատվելու է: Հետագայում իրականացվելու է շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքի: Դեռևս հին ժամանակներից այդ շենքերի վրա մի շարք անցքեր են եղել, որոնք ևս կվերականգնվեն: Շատ ուրախալի է, որ սկսել ենք ուշադրության կենտրոնում պահել պատմամշակութային հուշարձանները: Մենք գարնանը մշակելու ենք պատմամշակութային հուշարձանների հետ կապված ծրագիր: Ծրագրում ներառված են լինելու խնամքի և վերականգնման կարիք ունեցող պատմամշակութային արժեքներ ներկայացնող շենքերը: Ծրագրի շրջանակներում վերականգնվելու են Հանրապետության հրապարակի շենքերը»,- մանրամասնեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ տոնական միջոցառումների կարևոր կոմպոնենտներից մեկը Սուրբ Ծննդյան տոնավաճառի անցկացումն է լինելու: «Դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը Շատրվանների պուրակում՝ ավելի քան 40 տաղավար տնակներում, տարատեսակ տնտեսվարողներ առաջարկելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն: Տոնավաճառին մասնակցելու են սոցիալական տարբեր նախաձեռնություններ և բարեգործական հիմնադրամներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը, որը մեզ համար ոչ պակաս կարևոր է»,- ասաց փոխքաղաքապետը:

Միջոցառումների վերջին մասը նվիրված է լինելու համերգային ծրագրին, որի մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին:

Ավինյանի համոզմամբ՝ համերգների շարքը նույնպես տպավորիչ է լինելու և՛ իր ծավալով, և՛ բովանդակությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ