fbpx
Քաղաքականություն

Երևանում անցկացվել է «ՏԻՄ-երի լիազորությունները և հետագա ապակենտրոնացման առաջարկվող գործընթացը» թեմայով կլոր սեղան-քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ Երևանում այսօր անցկացվել է «ՏԻՄ-երի լիազորությունները և հետագա ապակենտրոնացման առաջարկվող գործընթացը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են նաև «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ծրագրի կարճաժամկետ խորհրդատուներ Քարլ Ուլբրիխտը, Շտեֆան Դրագերը, ՀՀ ՏԿԶՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։

Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին, մասնագիտական և փորձագիտական շրջանակներին ապակենտրոնացման երկխոսությունը արդիական պահելու և արդյունքամետ աշխատանքային քննարկումներին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար ու նշել, որ նմանօրինակ ձևաչափերով գործնական աշխատաժողովները հնարավորություն կտան գտնել տեղական ժողովրդավարության խորացման և լիազորությունների ապակենտրոնացման օպտիմալ լուծումներ։

Քաթրին Շեֆերն իր հերթին կարևորել է ապակենտրոնացման ուղղությամբ Հայաստանում տարվող հետևողական աշխատանքերը և վստահեցրել, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն իր գործընկեր միջազգային կառույցների հետ միասին աջակցում է այս ուղղությամբ հայեցակարգային քաղաքականություն մշակելու Հայաստանի ջանքերին։

Միջոցառումը նպատակ ունի օժանդակել Հայաստանում ապակենտրոնացման բարելավված քաղաքականության որդեգրմանը, ներառյալ ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման նոր մոտեցումների ու ռազմավարությունների ձևավորումը:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է ԳՄՀԸ-ի կողմից՝ սերտորեն համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, շարունակում է օժանդակել Հայաստանի համապատասխան գործընկեր կազմակերպություններին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների հարցում, ներառյալ՝ վարչատարածքային բարեփոխումները, վարչական ծառայությունների մատուցման բարելավումը, համայնքային կառավարման առանցքային համակարգերի ու գործընթացների հզորացումը (ինչպիսիք են պլանավորումը, բյուջետավորումը, տեղական տնտեսական զարգացումը և այլն), ինչպես նաև ապակենտրոնացումը: Վերջինս համարվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման հզորացման հիմնական ռազմավարություններից մեկը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ