fbpx
Աշխարհ

Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։

Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ տեղերում նոր ճաքեր են հայտնվել վթարային շենքերում։

Այնուամենայնիվ, երկրի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 3 մարդ երկրաշարժի հետևանքով վերջույթների կոտրվածքներով դիմել է բուժօգնության, ևս մոտ 30 մարդ շտապօգնության է դիմել՝ արյան ճնշման բարձրացման պատճառով։ Նրանցից մեկի վիճակը ծանր է․ արյունը լցվել է ուղեղի մեջ։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ մասնագետների՝ էպիկենտրոնում՝ Ադրբեջանի կենտրոնում գտնվող Շամախի քաղաքից 2 կմ հեռավորության վրա, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ, և այն զգացվել է նաև Արցախում։ Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ։

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից առաջ էլ երկու ցնցում եղել է հենց Արցախում։ Փետրվարի 3-ին`ժամը 08:30-ին, ինչպես նաև փետրվարի 4-ին՝ ժամը 05:24-ին, Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք օջախի 10 կմ խորությամբ տեղի են ունեցել երկրաշարժեր նույն` 2.8 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումների ուժգնություններն էպիկենտրոնում կազմել են 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն և Նոր Բրաջուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ