Այսօր` օգոստոսի 12-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող՝ ռուսաստանաբնակ հայերի հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանից դուրս գնալ ցանկացողները պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում:
«Հայաստանի քաղաքականությունն ասպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող է առանց որևէ՝ խոչընդոտի վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս գնացողների համար, նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում։ Մենք, օրինակ, չենք ընդունում այլ քաղաքացիների մեր երկիր, թեև հիմա ավելի հեշտացրել ենք այդ պայմանները: Բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել՝ սահմանները փակ պահելու այլ քաղաքացիների համար, արտակարգ դրության պայմաններից ելնելով»,- ասաց ԱԳ նախարարը։
Բողոքող քաղաքացիներից մեկը նշեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնության գալ ռուսական կողմի հետ, անել այնպես, որպեսզի գոնե երկու շաբաթով սահմանը բացվի, իրենք կարողանան միանալ իրենց ընտանիքներին:
Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ ինքը հստակ տեղյակ չի, թե ինչ քաղաքականություն է վարում Տուսաստանը:
«Դուք հիմա ինձ տալիս եք հարցեր, որոնք ես պետք է պատասխանեմ Ռուսաստանի իշխանությունների փոխարե՞ն»: