Իրանը Վաշինգտոնին Շվեյցարիայի միջոցով փոխանցած հաղորդագրության մեջ կրկին ժխտել է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանների դեմ հարձակմանը՝ հայտարարելով, որ հակահարված է տալու երկրի դեմ իրականացվող ցանկացած գործողության: Այս մսաին գրում է РИА Новости-ն:
«Եթե Իրանի դեմ միջոցներ ձեռնարկվեն, դրանց պատասխանը չի ուշանա»,-նշված է Թեհրանի՝ ԱՄՆ-ին ուղղված հաղորդագրության մեջ:
Աշխարհում խոշորագույն նավթ արտահանող և նավթ արդյունահանող երեք խոշորագույն երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիան սեպտեմբերի 14-ին երկրի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումից հետո նավթի արդյունահանումը կրճատել է ավելի քան կրկնակի՝ օրական 9,8 մլն բարելից նվազեցնելով մինչև 5,7 մլն բարել:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ շնորհիվ պահուստային պաշարների օգտագործման նավթի արտահանման ծավալները վերադարձել են նախկին մակարդակին, սակայն արդյունահանման ծավալի մակարդակը հաջողվել է վերականգնել միայն կիսով չափ:
Անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում կատարելու պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբ հուսիթները, որոնց դեմ պայքարում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:
Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կատարված հարձակումներին հուսիթների մասնակցությունն ապացուցված չէ. Պոմպեոն նշված հարձակումների իրականացման համար անմիջականորեն մեղադրել է Իրանին: