Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կդիտարկեն այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի 2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին TACC-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աղբյուրը։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը հայտնել է, որ 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։
«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչև 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։
Նա նաև նշել է, որ միջազգային փոստային առաքումների ավելի քան 95 տոկոսը ինտերնետ-առևտրի շրջանակում գտնվում է 20 եվրոյի և ավելի ցածր վճարման սեգմենտում։
Ըստ Բուլավինի՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 200 եվրո շեմի իջեցման արդյունքում պետք է տեղի ունենա մաքսավճարների ընդհանուր ծավալի համադրելի մեծացում։ «Բայց սա մոտավոր գնահատական է, որովհետև սկսվել է ծանրոցների «կոտորակում», որպեսզի դրանց արժեքը հարմարեցվի նոր շեմին»,- ավելացրել է ԴՄԾ ղեկավարը։
Անմաքսատուրք շեմ
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անմաքսատուրք ներկրման շեմի աստիճանական նվազեցման մասին որոշումը ընդունվել է ԵՏՄ-ում 2017 թվականի դեկտեմբերին։ Այն նախատեսում էր նվազեցում երկու փուլով. ամիսը մինչև 500 եվրո 2019 թվականի հունվարի 1-ից և մինչև 200 եվրո ծանրոցի համար՝ 2020 թվականի հունվարի 1-ից։
2019 թվականի դեկտեմբերին ՌԴ այն ժամանակվա վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարեց ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկել ՌԴ-ում արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման առաջարկը 2020 թվականի հուլիսի 1-ից 100 եվրոյով, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 50 եվրոյով և 2022 թվականի հունվարի 1-ից՝ 20 եվրոյով։
Աղբյուրը՝ News.am