Եվրոպական խորհրդարանը լայն աջակցությամբ հավանություն է տվել Հայաստանի համար ինքնավար առևտրային միջոցառումներ սահմանելու կարգավորմանը, ինչը ճանապարհ է հարթում դեպի Եվրոպական միության միասնական շուկա հարյուրավոր հայկական ապրանքատեսակների անբաջ արտահանման համար։
Ինչպես հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, սեպտեմբերի 15-ին կայացած քվեարկության ընթացքում Եվրոպական խորհրդարանի 583 պատգամավոր կողմ է արտահայտվել նախագծին։ Օրենսդրական փաստաթուղթն այժմ փոխանցվում է վերջնական հաստատման փուլ, որից հետո այն ուժի մեջ կմտնի ԵՄ 27 անդամ երկրների տարածքում։
Կարգավորման վերջնական ընդունումից հետո երկու տարի ժամկետով մաքսատուրքերից կազատվեն հայկական արտադրության ավելի քան 300 ապրանքախմբեր։ Մաքսային արտոնությունները տարածվում են ինչպես գյուղատնտեսական ու սննդի վերամշակման ոլորտների (պահածոներ, հյութեր, չորացրած մրգեր, ընկուզեղեն, համեմունքներ և բույսեր), այնպես էլ արդյունաբերական ապրանքների՝ ներառյալ տեքստիլի և կոշկեղենի վրա։
ԵՄ պատվիրակությունն ընդգծել է, որ այս որոշումը հայաստանյան արտադրողների համար բացում է 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական հսկայական շուկան։ Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի արտահանման ծավալները, բարձրացնելու տեղական ապրանքների մրցունակությունը և նպաստելու երկրի առևտրային կապերի դիվերսիֆիկացմանը։
Առևտրային արտոնությունների տրամադրումը Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համապարփակ փաթեթի բաղկացուցիչ մասն է։ Այն ներառում է նաև արագացված ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական կայունությունն ապահովելու համար, ինչպես նաև գործնական աջակցություն հայ ֆերմերներին, արտադրողներին և արտահանողներին։ ԵՄ մասնագետները տեղական ընկերություններին օգնում են համապատասխանեցնել իրենց արտադրանքը եվրոպական որակական ու սանիտարական պահանջներին և ուղղակի կապեր հաստատել Եվրոպայում գործող պոտենցիալ գնորդների հետ։

