Եվրամիությունը քննադատել է Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու և կրկնաքվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը, նշելով, որ այն հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է մայիսի 6-ի երեկոյան: Թուրքիայի ԲԸՀ-ն որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն էր կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցության թեկնածուն:
Հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էկրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ է կանչվելու: Ինչպես նշվում ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, թուրքական ԲԸՀ-ի որոշումը քաղաքականացված է և «հակասում է ընտրական գործընթացի հանգուցային նպատակին, այն է՝ ժողովրդի կամքի ընդունումը»: Բացի այդ, նման քայլը «խախտում է Թուրքիայի՝ որպես Եվրախորհրդի անդամի պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ստամբուլում նոր ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մերժել է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն և կոչ է արել հարգել իրեն: Հիշեցնենք, որ մարտի 31-ի կայացած ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների ՝ընդդիմադիր Իմամօղլուն, հավաքելով 4,171 մլն ձայն, առաջ էր անցել իշխանական թևը ներկայացնող Յըլդըրըմից: Իսկ իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել էր Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում։

