fbpx
Հասարակություն

Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը ընդգծել է, որ աջակցում է շախմատի մեր հավաքականին՝ բողոք հղելով ՖԻԴԵ-ին:

«Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ

Հարգելի պարոն Նախագահ,

Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատի ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ:

Մասնավորապես, Հայաստանի դեպքում ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով.
«համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում:

Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրեց հիմնավոր բացատրություն և բարձրացրեց նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում կայացրեց չդիտարկել դրանք:

Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանը, և՛ Հնդկաստանը:

Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:

Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այդ վստահությունը կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, որ արժանանանում են հավասար վերաբերմունքի։

Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից):

Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն նմանատիպ միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը:

Անհրաժեշտության դեպքում սիրով կմասնակցենք թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:

Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ հարգանքիս հավաստիքը հայտնել Ձեզ և ՖԻԴԵ-ին»:

Հիշեցնենք, որ եզրափակչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։ ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեև բողոքարկման բավարարման դեպքում պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։ Մինչդեռ, Հայաստան-Հնդկաստան դիմակայության առաջին ռաունդում նույնպես սերվերի հետ կապված խնդիր էր առաջացել, ինչի հետևանքով Հայկ Մարտիրոսյանը չէր կարողացել քայլ կատարել և պարտվել էր, սակայն մեր թիմի բողոքարկումը ՖԻԴԵ-ն չբավարարեց»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ